CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«Դոկտորանտուրա. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմունքներ» ձեռնարկի ներկայացում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը 

հրավիրում է

«Դոկտորանտուրա. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմունքներ» ձեռնարկի ներկայացմանը


Օրը և ժամը՝ 29-ը նոյեմբերի, 2017, 14:30-15:30
Վայրը՝ ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ, (Ալեք Մանուկյան 1)
Լեզուն՝ Հայերեն

Ներկայացմանը կհաջորդի հարց ու պատասխան: Մասնակիցներին կտրամադրվեն ձեռնարկի օրինակներ:

Ձեռնարկի մասին. Բոլոնյան գործընթացին միանալուց հետո Հայաստանի Հանրապետությունը չի կարող անմասն մնալ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում տեղի ունեցող գործընթացներից: Բոլոնիայի գործընթացի լույսի ներքո ձեռնարկում ներկայացված են դոկտորական կրթության մոտեցումները, անդրադառնալով ետբուհական կրթության ոլորտում ակադեմիական ազատությունների և ինքնավարության խնդիրներին, դոկտորանտուրայի ֆինանսավորման աղբյուրներին, գիտության վարքականոնի նորմերին ու մտավոր սեփականության պաշտպանության հիմնախնդիրներին: Ձեռնարկում քննարկվում են նաև ուսանողների շարժունության, գիտության միջազգայնացման, միջառարկայական հետազոտությունների իրականացման հարցերը:

Ում է հասցագրված.  Ձեռնարկը նախատեսված է բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ուսանողների, գիտական ղեկավարների, կրթության և գիտության կազմակերպիչների համար:

Հեղինակների համառոտ կենսագրությունը

Ատոմ Մխիթարյանը 1993թ. ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, 1999 թվականից ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: 2007թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ստացել է մագիստրոսի աստիճան: 2008թ-ից աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում որպես բաժնի պետ, 2010-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես վարչության պետ: 2014 թվականից ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովում գործակալության պետի տեղակալ է: 2006թ.-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում: 2013թ. ավարտել է Ջոն Սմիթի միջազգային քաղաքագիտական դասընթացը (Մեծ Բրիտանիա): Արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի:


Արմեն Ճուղուրյանը 1981թ. ավարտել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1986թ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանից ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան: 2002 թվականից տնտեսագիտության դոկտոր է, 2004-ին ստացել է պրոֆեսորի կոչում: Աշխատանքային կարիերան սկսել է ՀՀ Կենտկոմի հրատարակչությունում՝ որպես ավագ հաշվապահ: 1986թ-ից աշխատել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտում (ներկայիս՝ ՀՊՏՀ)՝ զբաղեցնելով դասախոսի, ասիստենտի և դոցենտի պաշտոններ: 2013 թ-ից աշխատում է Հյուսիսային համալսարանում՝ որպես Տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի վարիչ: 1996թ. հետազոտություններ է իրականացրել Քլիվլենդի համալսարանում, 2002թ.՝ Շոտլանդիայի Քալեդոնյան համալսարանում: Հեղինակ է շուրջ 190 աշխատության, որից 24-ը՝ ուսումնական ձեռնարկ, 7-ը՝ մենագրություն:

Սերգո Երիցյանը սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ավարտելով այն 1981թ: 1987 թվականից բանասիրական գիտությունների թեկնածու է, 2004 թվականից՝ բանասիրական գիտությունների դոկտոր, 2005-ից՝ պրոֆեսոր: 1981-84թթ. աշխատել է Հայաստանի հեռուստառադիոյում որպես լրագրող: 1987թ. Հայաստանի հեռուստառադիոպետկոմի համակարգում աշխատել է որպես լրագրող, վարել «Առաջարկում է հեռուստադիտողը», «Կարծիք» հաղորդաշարերը, ղեկավարել սոցիոլոգիայի բաժինը, նամակների ու ուսումնասիրությունների գլխավոր խմբագրությունը, հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը: 1995-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2003-2006թթ. ծառայել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008թթ.՝ ՀՀ Նախագահի խորհրդական: 2008-2010թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 2010 թ-ից՝ ստանձնել է ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության պետի պաշտոնը: Հեղինակել է ավելի քան 25 գիրք, 30 հոդված, 100 տեսաֆիլմ:

Մասնակիցների գրանցում. մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք գրանցվել՝ ուղարկելով նամակ event@crrc.am էլ. հասցեով:

Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: