CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հրապարակվեցին Կովկասյան բարոմետր 2017-ի արդյունքները

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2017-ի՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով Հարավային Կովկասի երկրներում 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները: Դրանք հարուստ տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ:

2017թ. հարցումն անցկացվել է Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4027 տնային տնտեսություններում (1648` Հայաստանում և 2379՝ Վրաստանում):

Հայաստանում հարցվածների 54 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 36 տոկոսը երկրի  քաղաքական և տնտեսական զարգացման հեռանկարները կապում են հավասարապես Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հետ սերտ հարաբերություներ ունենալու հետ: Երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից հավասարապես ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ ունենալուն կողմ են արտահայտվել Հայաստանում հարցվածների 50, իսկ Վրաստանում՝ 34 տոկոսը: Հայաստանցիների 27 տոկոսը ապավինում է միայն ՀԱՊԿ-ին, իսկ վրաստանցիների նույնքան մասը՝ միայն ՆԱՏՕ-ին: Երկու երկրներում հարցվածների 13-20 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել են պատասխանել վերոնշյալ՝ ՌԱՆԴ կորպորացիայի պատվիրակած հարցին: Առհասարակ, նախորդ հարցումների համեմատ, 2017թ. նկատելիորեն ավելացել է քաղաքական ուղղվածություն ունեցող հարցերի պատասխաններում  չկողմնորոշվող կամ դժվարացող ռեսպոնդենտների տեսակարար կշիռը:

Ռուսաստանը Հայաստանի ամենաբարեկամական երկիրեն համարել 2017թ. հարցվածների 64 տոկոսը, մինչդեռ 2015թ. այդ կարծիքին էր հարցվածների 74 տոկոսը, իսկ 2013թ. հարցվածների՝ 84 տոկոսը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ գործազրկությունն ու աղքատությունը շարունակում են մնալ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում. գործազրկությունը կարևորագույն խնդիր են համարել Հայաստանում հարցվածների 36 տոկոսը, Վրաստանում՝ 56 տոկոսը, իսկ աղքատությունը՝ 17 և 14 տոկոսը, համապատասխանաբար:

Հանրային հաստատությունների նկատմամբ վստահության տեսանկյունից շահեկանորեն առանձնանում են բանակն ու եկեղեցին.բանակին լիովին և ավելի շուտ վստահում է 2017թ. Հայաստանում հարցվածների 77 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 75 տոկոսը:

Բավականին ուշագրավ են միայն Հայաստանում հղված մի քանի հարցերի պատասխանները.

- 2016թ. Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցին ի պատասխան, հարցվածների 87 տոկոսը կիսել է այն կարծիքը, որ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում ողջ հասարակությունը, ՀՀ-ն, Արցախն ու Սփյուռքը համախմբվում են: Ավելին, հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին: Միաժամանակ, ճնշող մեծամասնությունը՝ 77 տոկոսը նշել է, որ այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով:

-«Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները դատապարտել են հարցվածների 16 տոկոսը, արդարացրել՝ 36 տոկոսը, իսկ 28 տոկոսը ասել են, որ որոշ չափով դատապարտում են, որոշ չափով էլ՝ արդարացնում:

- Անդրադառնալով սիրիահայերի ներհոսքին Հայաստան` հարցվածների կեսը կարծում է, որ դա նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը:

 Չնայած տարածաշրջանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարդ զարգացումներին, 2017թ. Հայաստանում և Վրաստանում հարցվածների երջանկության միջին ինքնագնահատականը համապատասխանաբար կազմել է  6.8 և 7.1 միավոր (10 հնարավորից):

Հարավային Կովկասում հասարակագիտությունն ու հանրային քաղաքականությունը զարգացնելու առաքելությանը հավատարիմ՝ ՀՌԿԿ-ն ապահովում է տվյալների շտեմարանները, հարցաշարերի ու հարակից փաստաթղթերի հասանելիությունը Կովկասյան բարոմետրի և ՀՌԿԿ-Հայաստանի կայքերում: 



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: