Արտակ Դաբաղյանի ծրագրած ազգագրական ուսումնասիրությունը Հայաստանի Տավուշի մարզում նպատակ ունի բացահայտելու Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանամերձ գոտում առևտրի ազդեցությունը էթնիկական կարծրատիպերի և քաղաքական դիրքորոշումների վրա: Ուսումնասիրության ընթացքում կօգտագործվեն ազգագրական դիտարկումների, ֆոկուս խմբերի և հարցազրույցների (համայնքի անդամների, առևտրականների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ) մեթոդները: Ի լրումն, կարևորելով պատերազմի ժամանակ ավերված տարածքում զարգացող (հատկապես Սադախլո-Բագրատաշեն առևտրահրապարակում) տնտեսական փոխառնչությունների դերը, պրն. Դաբաղյանը մտադիր է վերլուծել Տավուշի մարզի վիճակագրական տվյալները և բացահայտել դրա զարգացման տնտեսական և ժողովրդագրական միտումները: Դաբաղյանի հետազոտությունը ցույց է տալու, թե ինչպես է աևտրի դինամիկան ազդում միջէթնիկական հարաբերությունների վրա: Նրա հետազոտությունը կօգնի այլ հետազոտողներին, քաղաքականությամբ զբաղվողներին և հասարակական կազմակերպություններին` մշակելու ծրագրեր, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի սահմանամերձ գոտիներում միջէթնիկական վստահության ձևավորմանը:

Արտակ Դաբաղյանը պատմական գիտությունների թեկնածու է: Երևանի պետական համալսարանում դասավանդում է էթնիկական կոնֆլիկտներ առարկան: Նա նաև Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտող է և մեծ փորձ ունի ազգագրական ուսումնասիրությունների ոլորտում: Դաբաղյանը տասից ավելի հրապարակումներ ունի ազգագրության և պատմության ոլորտում:

Էլ. փոստ: artdabag@go.com