Էդիկ Կյուրեղյանը կուսումնասիրի վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակութային և քաղաքական փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի գյուղական բնակչության վրա: Իբրև համեմատության բազա, պրն. Կյուրեղյանը կօգտագործի 1980թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յու. Հարությունյանի ղեկավարությամբ և տ.գթ. Ռ. Կարապետյանի մասնակցությամբ իրականացված` Հայաստանի բնակչության սոցիոէթնիկական զարգացման հիմնական ուղղությունների մասին արված հետազոտության տվյալները: Նշված հետազոտության հարցաթերթի հարցերի մեծ մասի (մոտ 80%-ի) կրկնությամբ Հայաստանի նույն շրջաններում և գյուղերում իրականացվելիք նոր սոցիոլոգիական հարցումը հնարավորություն կտա բացահայտելու, թե ինչպես են փոխվել գյուղական բնակչության ընկալումները և մտածելակերպը ազգային մշակույթի, ավանդույթների, ընտանիքի կառուցվածքի, սոցիալական արժեքների և շատ այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել քաղաքական գործիչներին` Հայաստանի գյուղական շրջաններում ծրագրեր մշակելիս և իրականացնելիս: Նախագծի արդյունքում ստացված տվյալների բազան կարող են կիրառել նաև հասարակագետները, քաղաքագետները և այլ մասնագետներ` Հայաստանի գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակութային և քաղաքական զարգացումները կանխատեսելու համար:

Էդիկ Կյուրեղյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում պրոռեկտորի պաշտոնի հետ մեկտեղ նա վարում է Սոցիոլոգիայի և փիլիսոփայության ամբիոնը: Նա հասարակագիտական հետազոտությունների իրականացման մեծ փորձ ունի:

Էլ. փոստ: mekur@seua.am