Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «ՀՌԿԿ» ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված` ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է, որի նպատակն է` խթանել հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում:
Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ գործող ծրագիրը կոչված է ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունը, զարգացնելու հետազոտական կարողությունները և ընդլայնելու հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների միջև երկխոսությունն ու համագործակցությունը:
2003թ-ին, կենտրոնների բացումից հետո, ՀՌԿԿ-ն դարձել է Հարավային Կովկասում հասարակական գիտությունների համայնքի գործունեության կենտրոնական օղակ` հասարակական գիտությունների հետազոտողներին առաջարկելով անհրաժեշտ հիմնարար գրականություն, տվյալներ և մասնագիտական ուսուցում: Կենտրոններն առավել մեծ հնարավորություններ կընձեռեն հետազոտողներին կատարել ինքնատիպ աշխատանք, հետազոտական աշխատանքների հիմքում օգտագործել անցումային շրջանի փաստական տվյալներ և մասնակցել ներքին քաղաքականության հետազոտությամբ զբաղվող համայնքի աշխատանքներին:
ՀՌԿԿ-ի ուղղակի և անուղղակի շահառուներն են` հասարակական գիտությունների հետազոտողները, ուսումնագիտական հաստատությունների դասախոսները, քաղաքական գործիչները և հասարակական, մասնավոր և պետական սեկտորների այլ ներկայացուցիչներ: