CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Համակարգչային սրահ

ՀՌԿԿ-ի համակարգչային սրահներն ապահովում են ինտերնետի, հասարակագիտական էլեկտրոնային ամսագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանում հասարակագիտական ոլորտի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային բազաների և միջազգային տվյալների աղբյուրների ազատ մուտք: Համակարգչային սրահներից կարող են անվճար օգտվել հետազոտողներ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ` գիտական կամ հետազոտական նպատակների համար:


Ա. Նպատակները
Համակարգչային սրահների հիմնական դերը ուսումնագիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածների` հասարակական գիտություններով զբաղվող հետազոտողներին սպասարկելն է: Սրահների նպատակը այցելուներին գերժամանակակից հետազոտական ռեսուրսների տրամադրումն է: Բացի բազմաթիվ էլեկտրոնային ռեսուրսներից` կառաջարկվեն կողմնորոշիչ սեմինարներ` առկա էլեկտրոնային ռեսուրսները ներկայացնելու և սրահից օգտվողի համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար:


Բ. Ծրագրային ապահովման հավաքածուի համալրման ուղեցույց
Սրահներն ապահովված են համակարգչային ծրագրերով, որոնք ՀՌԿԿ-ից օգտվողներին/հետազոտողներին կօգնեն որակյալ հետազոտությունների իրականացման գործում: Ծրագրերից կարելի է օգտվել կենտրոններում:

Համակարգչային սրահի սարքավորումների նորացման և կատարելագործման աշխատանքներ կնախաձեռնվեն համապատասխան պահանջի դեպքում:

Հիմնական լիցենզավորված ծրագրերը (ինչպիսիք են, օրինակ, Windows 2K/XP Pro, Microsoft Server 2000/2003, ISA Server (proxy), Microsoft Office, Photoshop, Macromedia Dreamweaver, SPSS, STATA) արդեն կան կամ շուտով կլինեն ՀՌԿԿ-ի համակարգիչներում:


Գ. Ծրագրային ապահովման ընտրության չափանիշները
Ծրագրերի ընտրության համար պատասխանատու են կենտրոնների տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջերները/գրադարանավարները` տնօրենների ուղղորդմամբ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջերները/գրադարանավարները կարող են հաշվի առնել ՀՌԿԿ-ի Խորհրդատվական խորհրդի անդամների կամ համակարգչային սրահից օգտվողների կողմից արված առաջարկությունները:


Դ. Առարկան
Սրահի համակարգիչները տեղեկատվություն կապահովեն հետևյալ հասարակական գիտությունների վերաբերյալ` սոցիոլոգիա, տնտեսագիտություն, պետական քաղաքականություն և դեմոգրաֆիա (ժողովրդագրություն):


Ե. Լեզուն
Համակարգչային սրահի ռեսուրսները մատչելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: ՀՌԿԿ-ի բաժանորդային էլեկտրոնային ռեսուրսները մեծամասամբ անգլերեն են (էլեկտրոնային ամսագրերի ամբողջական տեքստեր, ինչպիսիք են, օրինակ, EBSCO, JSTOR և այլն): Համակարգչային սրահները նյութեր (դիսկեր և դիսկետներ) են ստանում նաև տեղական հասարակական կազմակերպություններից կամ հետազոտական կենտրոններից` տեղական լեզուներով:


Զ. Ֆորմատը
ՀՌԿԿ-ի համակարգչային սրահների ռեսուրսները միայն էլեկտրոնային ֆորմատով են:


Է. Ուսուցողական դասընթացներր
Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջերները/գրադարանավարներն առաջարկում են ուսուցողական դասընթացներ հետևյալ թեմաներով`

  • որոնում ինտերնետում,
  • որոնման միջոցներից օգտվելու խորհուրդներ,
  • տվյալների էլեկտրոնային բազաների որոնում (EBSCO, JSTOR և այլն),
  • վիճակագրական ծրագրերի փաթեթների օգտագործում (STATA, SPSS և այլն):

Ը. Ընդհանուր բնույթի աջակցություն և ծառայություններ
Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջերները/գրադարանավարները ՀՌԿԿ-ից օգտվողներին ապահովում են ընդհանուր բնույթի աջակցությամբ, տեղեկացնում են նոր նյութերի և ծառայությունների մասին, հիմնական այցելուներին օգնում նյութերի ընտրության և տեղեկատվական ռեսուրսների օգտագործման հարցերում: Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջերները/գրադարանավարները կազմում են օգտակար ինտերնետային էջերի ցուցակ` յուրաքանչյուր էջի հակիրճ նկարագրությամբ և բաժանում ՀՌԿԿ-ից օգտվողներին ու գործընկեր կազմակերպություններին:


Թ. Հետազոտական տվյալների լոկալ բազան
ՀՌԿԿ-ի համակարգչային սրահներն առաջարկում են Հարավային Կովկասի 3 երկրներում սոցիոլոգիայի, տնտեսագիտության, դեմոգրաֆիայի և պետական քաղաքականության ոլորտներում իրականացված հետազոտությունների տվյալների բազա: Այն կօգնի հետազոտողներին կատարել ինքնատիպ աշխատանք և հետազոտությունները վարել փաստական տվյալների հիման վրա:


Ժ. Համակարգչային սրահներից օգտվելու հիմնական կանոնները
ՀՌԿԿ-ի համակարգչային սրահն ու սրահի սարքավորումները կարող են օգտագործվել ուսումնական դասընթացների համար` ուսումնագիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների կողմից:

Ինտերնետի օգտագործումը: Համակարգչային սրահի բոլոր համակարգիչները միացված են արագ ինտերնետային ցանցին: ՀՌԿԿ-ի համակարգչային սրահներում չեն թույլատրվում միջոցների աննպատակ օգտագործումը, ոչ պատշաճ կամ անհամապատասխան ինտերնետային էջերի որոնումը, համակարգչային խաղերը, լրացուցիչ ծրագրերի տեղադրումը և Messenger, ICQ կամ համանման ծրագրերի օգտագործումը:

Միևնույն ժամանակ մասնագիտական աղբյուրներից տեղեկություններ դուրս քաշելու (download) համար սահմանափակումներ չկան: Յուրաքանչյուր օգտվող կարող է բեռնաթափել այնքան, որքան անհրաժեշտ է, բացառությամբ շատ մեծ ֆայլերի, որոնք կարող են ազդել կապի արագության վրա, հետևաբար, խանգարել մյուսների աշխատանքին:

Ներքին ցանց: Ներքին ցանցն օգտվողներին հնարավորություն է տալիս օգտվել միմյանց փաստաթղթերից, տպել ցանցի միջոցով և, անհրաժեշտության դեպքում, տեղափոխել ֆայլերը: Մշտական հետազոտողները սերվերում ունեն անձնական ապահով թղթապանակներ` իրենց ֆայլերը և փաստաթղթերը պահելու համար:

Կրկնապահովում: Յուրաքանչյուր ամիս ՀՌԿԿ-ն ստեղծում է իր սերվերում պարունակվող ողջ տեղեկատվության, ներառյալ անձնակազմի ֆայլերի ու թղթապանակների, հետազոտողների փաստաթղթերի, համակարգի պարամետրերի և այլ կարևոր տեղեկատվության կրկնօրինակը:

Տպում: ՀՌԿԿ-ի հայաստանյան մասնաճյուղի համակարգչային սրահը բոլոր օգտվողներին մատուցում է տպման ծառայություններ: Սակայն բոլոր տպվող նյութերը պետք է կապված լինեն հետազոտության հետ և չգերազանցեն տարբեր կատեգորիայի օգտվողների համար նախատեսված սահմանը: Նկարների և գրաֆիկայի տպում չի թույլատրվում:

Սկանավորում: ՀՌԿԿ-ի համակարգչային սրահն իր շահառուներին առաջարկում է սկանավորման ծառայություններ` հետազոտության համար:

Լազերային սկավառակների ձայնագրում: Համակարգչային սրահն ունի սկավառակագիր, սակայն միայն գրանցված օգտվողները կարող են իրենց ֆայլերը պատճենահանել սկավառակի վրա: Օգտվողների ֆայլերի պատճենահանման միջին ծավալը շաբաթական 3-4 սկավառակ է: Պարբերաբար, անհրաժեշտության դեպքում, կպատրաստվեն օգտվողների թղթապանակների պատճենները:

Ուտելիքը, ըմպելիքը և ծխելն արգելված են ՀՌԿԿ-ի ողջ տարածքում:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: