ReDriM | Լիլիթ Բաբայան

Գործ անել, թե՞ գործ դնել

 

Քանի՞ անգամ եք Ձեր շրջապատում լսել «մարդ պիտի ուրիշի ձեռի տակ չաշխատի», «ավելի լավ ա քո գործը դնես», «ճիշտը բիզնեսն ա» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Շատ կարելի է գրել ու խոսել այն թեմայի շուրջ, թե որն է նման պատկերացումների տարածվածության պատճառը։ Ոմանք կասեն՝ հայերը միշտ առևտրական են եղել, այլոք կավելացնեն, որ «ուրիշի ձեռի տակ լինելուց» վախը բնորոշ է օտար տիրապետության տակ երկար տարիներ ապրած ազգերին։
Բայց այստեղ ես պատճառներից չեմ խոսելու, այլ փորձելու եմ այս թեմայի շուրջ կիրառական ու փաստերով հիմնավորված խորհուրդներ ձևակերպել, որովհետև անկախ պատճառներից՝ կարծես թե ոչ մեկը դեռևս փորձ չի արել հասկանալու՝ արդյոք իսկապես Հայաստանում «բիզնեսն ա» ճիշտը։

Եկե՛ք դիտարկենք 2019 թվականին իրականացված «Կովկասյան Բարոմետր» հետազոտության որոշ տվյալներ։
Հարցմանը մասնակցած չափահաս և աշխատանք ունեցող 602 հարցվողներից 171-ը (28.4%) նշել են, որ ունեն սեփական բիզնես կամ ինքնազբաղված են։ Կարևոր է հիշել, որ բիզնես ունեցողներն ու ինքնազբաղվածները հարցման ընթացքում նույն կատեգորիայի տակ են գրանցվել, այնպես որ չկրկնվելու համար այսուհետ «բիզնեսմեն» կամ «բիզնես ունեցող» արտահայտություններն օգտագործելիս նկատի եմ ունենալու նաև ինքնազբաղվածներին։

Եթե որպես աշխատանքի «ձեռնտու» լինելու ցուցանիշ դիտարկենք այդ աշխատանքից ստացվող եկամուտը, ապա հիմնվելով Կովկասյան Բարոմետրի տրամադրած տվյալների վրա՝ պիտի հիասթափեցնենք բիզնեսի մասին վերոնշյալ խոստումնալից պնդումներն անողներին և «գործ դնելու» ջատագովներին․ Հայաստանում բիզնեսմենների միջին ամսական եկամուտը նշանակալիորեն չի տարբերվում տարատեսակ կազմակերպություններում, ձեռնարկություններում և ընկերություններում աշխատող մարդկանց միջին ամսական եկամտից։ Ավելին՝ չնայած, որ թե՛ բիզնեսմենների, թե՛ տարատեսակ ոլորտների վարձու աշխատողների միջին ամսական եկամուտը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին գտնվում էր մոտավորապես 250-400 ԱՄՆ դոլարի միջակայքում, բիզնեսմենների միջին եկամուտը փոքր-ինչ ավելի ցածր էր։
Ամեն դեպքում, բիզնեսասերները կարող են դեռ շատ չնեղվել (առանցքային բառը «դեռ»-ն է)․ հաշվի առնելով, որ նշված տարբերությունը վիճակագրորեն նշանակալի համարելու հիմքեր չեն գտնվել, սխալ կլինի պնդելը, որ Հայաստանում բիզնեսմեններն ավելի քիչ գումար են աշխատում, քան ոչ բիզնեսմենները։ Այնուամենայնիվ, միանշանակորեն կարելի է ասել, որ չկան նաև որևէ վիճակագրական հիմքեր մտածելու, որ բիզնեսը ֆինանսապես ավելի ձեռնտու է։ Ստորև պատկերված գծապատկերում ներկայացված է Հայաստանում աշխատող բիզնեսմենների և տարատեսակ ոլորտների վարձու աշխատողների ամսական եկամուտների բաշխումը։

Գծապատկերից երևում է, որ բիզնեսով զբաղվողների շարքում ցածր (մինչև 100 ԱՄՆ դոլար) եկամուտ ունեցողներն ավելի շատ են, քան այլ տեսակի աշխատանք կատարողների շարքում։ Միջին և միջին-բարձր (մինչև 1200 ԱՄՆ դոլար) եկամուտն, ընդհակառակը, զգալիորեն ավելի բնորոշ է կազմեկերպությունների, ձեռնարկությունների և ընկերությունների վարձու աշխատողներին։ Ընդ որում, սա հենց այն եկամտի չափն է, որը հայաստանցիների մեծամասնությունը համարում է մինիմալ շեմ «նորմալ» ապրելու համար։ Ստացվում է, որ տարատեսակ ոլորտների վարձու աշխատողները բիզնեսմեններից ավելի «նորմալ» են ապրում։
Դե ինչ, նեղվելու ժամանակը եկա՞վ արդեն։ Իրականում սփոփանք կա․ բարձր (1200 ԱՄՆ դոլար և ավելի) եկամուտ ունեցողները փոքրինչ ավելի հաճախ են հանդիպել բիզնեսմենների շարքում։ Չնայած, որ բիզնեսմենների միջին եկամուտն ավելի բարձր չէ, այս պատկերն արտացոլում է նաև բիզնեսի ոլորտում հատուկենտ հաջողությունների հասնելու դեպքում բարձր եկամուտ ունենալու պոտենցիալ հնարավորությունը։ Այսինքն՝ եթե Դուք այսօր մտորում եք բիզնես սկսելու մասին, պիտի հաշվի առնեք, որ միջինում մասնագիտական վարձու աշխատանք կատարելու դեպքում ավելի հավանական է, որ «նորմալ» կապրեք։ Բայց եթե Դուք շատ տաղանդավոր եք կամ էլ Ձեր քեռին շատ կնեղանա, եթե Ձեր՝ բանակից վերադառնալու օրը Ձեզ նվիրած «օբեկտից» հրաժարվեք, ահագին աշխատելով ու վիզ դնելով՝ գուցե հայտնվեք այն 4․4% բիզնեսմենների շարքում, ովքեր 1200 ԱՄՆ դոլարից ավել ամսական եկամուտ ունեն։
Իսկ հիմա եկեք տեսնենք՝ բացի եկամտից ուրիշ ինչ կա։ Եվս մեկ փոփոխական, որը կարելի է դիտարկել որպես գործունեության «ձեռնտու» լինելու չափանիշ, աշխատանքով բավարարվածությունն է։ Այստեղ պատկերն էլ ավելի հետաքրքիր է, քանի որ բիզնեսմենները Հայաստանում ավելի քիչ են բավարարված իրենց աշխատանքով, քան կազմակերպությունների, ձեռնարկությունների և ընկերությունների վարձու աշխատողները։

Գծապատկերից երևում է, որ բիզնեսով զբաղվողների և ինքնազբաղվածների շրջանում ավելի շատ են աշխատանքով չբավարարվածները։ Ընդ որում՝ աշխատանքի տեսակի և աշխատանքով բավարարվածության միջև վիճակագրորեն նշանակալի կապ կա, ինչը նշանակում է, որ տարբերությունը զգալի է և արտացոլում է ընդհանուր երկրի իրականությունը։
Այ հիմա մտածելու ժամանակն է․ գուցե ավելի լավ էր՝ քեռին նեղանար, իսկ Դուք, օրինակ, ծրագրավորո՞ղ դառնայիք։
Դե լավ, փորձեմ մի քիչ վերադարձնել հուսահատված ապագա բիզնեսմենների լավատեսությունը։ Իրականում ամեն ինչ ավելի բարդ է (բոլոր գիտնականների սիրած արտահայտությունը)։ Եթե սկսենք նույն վերլուծություններն անել բիզնեսմենների կամ վարձու աշխատողների խմբերի ներսում, կտեսնենք, որ այնտեղ էլ զգալի տարբերություններ ու բազմազանություն կա։ Ամենակարևոր գործոններից մեկը զբաղվածության կոնկրետ ոլորտն է։ Եթե նայենք բիզնեսմենների զբաղվածության ոլորտներին, կբացահայտենք, որ 46.2%-ը զբաղված են գյուղատնտեսության, անտառապահության ու որսորդության ոլորտներում։ Մարդիկ հող են մշակում, բերքն են վաճառում, փայտ են կտրում և այլն․ հիմա բիզնեսի ջատագովները կասեն, թե բա «մեր ասած բիզնեսը դա չէ, օբեկտ դնելն է»։ Ու ճիշտ կասեն՝ բիզնեսները տարբեր են։ Եթե ընտրանքից հանենք գյուղատնտեսության, անտառապահության ու որսորդության ոլորտների բիզնեսմեններին, կտեսնենք, որ թե՛ եկամտի, թե՛ աշխատանքով բավարարվածության տեսանկյունից բիզնեսմենների ու ոչ բիզնեսմենների միջև տարբերություններն այլևս այդքան ակնհայտ չեն։ Պատկերը կտարբերվի նաև, եթե սկսենք հատ-հատ դիտարկել տարատեսակ սեկտորների աշխատողներին։ Էլ չասեմ, որ եթե բիզնեսմեններն ու ինքնազբաղվածներն իրարից տարանջատված լինեին հարցման ընթացքում, պատկերը կարող էր լիովին այլ ստացվել։
Հիմա կասեք՝ բա ասածդ ի՞նչ է, ասում էիր՝ կիրառական խորհուրդներ կտաս, կասես՝ որն է ավելի լավ։ Իսկ ես ստիպված կլինեմ նորից ասել՝ ամեն ինչ ավելի բարդ է։ Ինչքան շատ ենք խորանում, ուզում ենք առանձին խմբեր ուսումնասիրել, այդքան մեր ընտրանքը (հարցմանը մասնակցած ու տվյալ կատեգորիային համապատասխան մարդկանց) թիվն ավելի փոքր է դառնում, ավելի դժվար է դառնում վիճակագրորեն նշանակալի կապեր գտնելը։ Ասածս ամեն դեպքում այն է, որ եկե՛ք տվյալների հետ խաղանք, սիրենք տվյալները ու հիմնվենք դրանց վրա, այդ թվում, երբ որոշում ենք՝ ինչով զբաղվել ապագայում։ Կովկասյան Բարոմետրը Հայաստանում հասանելի տվյալների աղբյուրներից միայն մեկն է։ Տվյալներն ավելի շատ ուսումնասիրելու և որոշումներ կայացնելիս դրանց վրա հիմնվելու դեպքում ավելի լավ կիմանանք, թե ինչն է «ձեռնտու»։
Ճիշտ է՝ ես իմ դրած հարցադրմանն այդպես էլ ունիվերսալ պատասխան չտվեցի, դե ինչ արած, դա էլ մեր՝ գիտնականների թերությունը․ բարդ հարցերին հեշտ լուծումներ չենք կարողանում տալ։

Հեղինակ՝ Լիլիթ Բաբայան

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։