ReDriM | Սեդա Պապոյան

Ստամբուլյան կոնվենցիա. փնտրվում են ընթերցողներ

 

Մերժել սովորել ենք, բայց երևի դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք, որ հստակ տարբերենք, թե ինչը ինչու ենք մերժում՝ գոնե այսուհետ:

Հայաստանում բռնության մասին խոսակցություններն ամենօրյա են դարձել՝ տարածվելով վիրտուալ ցանցի տարբեր շերտերից դեպի ռեալ կյանքում միմյանց չհանդուրժող համերկրացիներ: Բռնությունն, անկասկած, լավ թեմա է միմյանց վրա փոխադարձ քար շպրտելիս դիմացինին դրանում մեղադրելու համար: Բայց հենց հերթը հասնում է այդ բռնությունը կանխելուն, իսկ եղածի դեպքում՝ պատժելուն, էդտեղ հանկարծ արթնանում են այսպես կոչված ավանդական (հորինված) արժեհամակարգի բջիջներն ու սկսում մերժել:

Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան Ստամբուլյան անունն է ստացել, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին: Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, իսկ ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը:

Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիային միացել է 2018 թվականի հունվարին՝ ստորագրելով այն նախկին իշխանությունների օրոք: Այժմ սեղանին է դրված Ազգային ժողովի կողմից կոնվենցիայի վավերացման հարցը, որից հետո միայն այն ուժի մեջ կմտնի:

Գենդերն է այն բառը, որը վախի ու ազգային հիմքով ցասման մեծ ալիք բարձրացրեց ցանցերում, հետո փողոցներում, նաև հանրային ու մասնավոր քննարկումներում: Բառի բացատրությունը կարելի է գտնել բոլոր բառարաններում, իսկ Ստամբուլյան կոնվենցիայի մեջ դրա կիրառությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է կարդալ կոնվենցիան:

Ստամբուլյան կոնվենցիայի պաշտոնական թարգմանության մեջ գենդեր բառը հանդիպում է 28 անգամ՝ հիմնականում «գենդերային հավասարություն» և «գենդերային հիմք» բառակապակցություններով, հատկապես երբ փորձ է արվում բացատրել կանանց նկատմամբ բռնության հիմնական պատճառները:

Մերժողական ալիքի առաջնորդները, որպես կանոն, կոնվենցիայի հատուկենտ հոդվածներ են դուրս բերում ու մեկնաբանում՝ ըստ իրենց օրակարգի, ինչը երևի բնական է: Միֆերից առավել տարածված են «3-րդ սեռի օրինականացումը», «նույնասեռ ամուսնությունները» և այլն, որոնց մասին որևէ տող չես գտնի կոնվենցիայի ամբողջ տեքստում: Ստացվում է, որ տողերի տեքստին անծանոթ հայրենակիցների կողմից տողատակեր երևակայելը ավելի մեծ ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, քան եթե այդ նույն ազդվողները մի օր իրենք որոշեին ուղղակի կարդալ: Ի դեպ, պաշտոնական թարգմանությունը 42 էջ է և բավական հեշտ ընթերցվում է:

Հետաքրքրություն շարժելու համար ստորև պատճենում եմ կոնվենցիայի 5 նպատակներից մեկը՝ հոդաբաշխ ու հասկանալի հայերենով․
«կանանց պաշտպանությունը բռնությունից, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումը, քրեական հետապնդումը և վերացումը»:

Ընդհանուր առմամբ, եթե շատ պարզ ձևակերպում տանք, Ստամբուլյան կոնվենցիայի բուն նպատակը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումն է, պաշտպանության և պատժի մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև վերահսկումը: Այս դեպքում բոլորովին անհասկանալի է, թե ինչն են մերժում ընդդիմախոսները, նրանց շարքում՝ նաև կանայք:

Կովկասյան Բարոմետրի ամենաթարմ տվյալները փաստում են, որ հայաստանցիների 29%-ը դեմ է կոնվենցիայի վավերացմանը, իսկ կողմ է միայն 9%-ը: Հասարակության մյուս մասնակիցները՝ կամ վերջնական չեն կողմնորոշվել, կամ էլ հրաժարվել են պատասխանել: Ի դեպ, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող կոնվենցիային դեմ են արտահայտվել հայաստանցի կանանց 27%-ը:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ դեմ արտահայտվողների մեծամասնությունը Երևանցիներն են, իսկ պատասխանից հրաժարվել են մեծամասամբ գյուղական համայնքների բնակիչները:

*ՀՊ/ՉԳ – Հրաժարվում եմ պատասխանել / Չգիտեմ

Թե ովքեր ինչու են դեմ կամ երբեմն էլ կողմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, մենք դեռ վստահաբար առիթներ կունենանք ծանոթանալու, թեև վերը նշված վիճակագրությունը հուշում է, որ դատողություններ անելուց առաջ ցանկալի է նախ լինել տեղեկացված, այս դեպքում՝ անձամբ բացահայտելով բովանդակությունը:

Կոնվենցիայի շուրջ դատողություններ անողների մասին վիճակագրական տվյալները շատ բան կարող են պատմել: Օրինակ, ըստ Կովկասյան Բարոմետրի տվյալների՝ վավերացմանը դեմ արտահայտվողների 28%-ը համարում է, որ աղջիկը կամ կինը կարող է սկսել ծխել 18-25 տարեկան հասակում: Ըստ նույն տվյալների՝ մերժողների կամ դեմ արտահայտվողների 40%-ի համար ընդունելի է, որ 18-25 տարեկան հասակում կինը թունդ ալկոհոլ (օղի, կոնյակ) օգտագործի։ Հետաքրիր են նաև նույն դեմ արտահայտվողների քաղաքական հայացքները, մասնավորապես, թե որ կուսակցությունն են իրենց ամենամոտը համարում:

Այս և նմանատիպ այլ փաստերը համադրելու, նաև խորը բարոյահոգեբանական վերլուծության ենթարկելու դեպքում գուցե հնարավոր լինի բացել թնջուկն ու գտնել Ստամբուլյանի շուրջ խորացող բևեռացումը կանգնեցնելու ճանապարհը: Իսկ մեկնարկի համար նախ սկսենք խրախուսել ընթերցելը՝ նաև Ստամբուլյան կոնվենցիան:

Հ.Գ. Եթե այս հրապարակումից հետո որոշեք կարդալ Ստամբուլյան կոնվենցիայի տեքստը, կարող ենք միասին հասնել հանրային առողջ քննարկման: Գրեք ինձ թվիթերում՝ @sedapapoyan

Հեղինակ՝ Սեդա Պապոյան
Սեդա Պապոյանը հաղորդակցության եւ մեդիաների մասնագետ է, տեխնոլոգիաների ջատագով (evangelist), հիմնադրել եւ ղեկավարում է Girls in Tech միջազգային ցանցի հայկական մասնաճյուղը, ինչպես նաեւ փորձում է խրախուսել STEAM ոլորտների նկատմամբ հետաքրքրությունը հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում: ReDriM դասընթացի արդյունքում նա սկսել է Gender Data Armenia նախախեռնությունը

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։