ReDriM | Սոնա Մկրտչյան

Հայ կանայք՝ երկու քարի արանքում

 

Հայաստանյան հասարակությունում կին լինելը ենթադրում է բազմաթիվ սահմանափակումներ։ Կյանքի տարբեր շրջափուլերում կնոջը վերագրվում են տարբեր դերեր, ու հասարակության մեծ մասի կողմից ակնկալվում է, որ յուրաքանչյուր կին «պետք է» ապրի այդ «դերին» համահունչ։ Օրինակ` հասարակությունում ընդունված են տարիքային միջակայքեր, որոնցում կինը պետք է «ուսում ստանա», ամուսնանա, երեխաներ ունենա, աշխատի և այլն։
Հայ հասարակությում այդքան էլ ընդունելի չէ, երբ կինը որոշում է կայացնում ամուսնանալ այլ ազգությամբ մարդու հետ։ Իսկ թե ինչպես է ՀՀ բնակչությունը վերաբերում ադրբեջանցի ամուսին ունենալուն, կարող եք տեսնել նկարում։

ՀՀ բնակչության 96%-ը կողմ չէ հայաստանցի կանանց ամուսնությանը ադրբեջանցիների հետ։ Այսինքն՝ եթե որևէ մեկը որոշի ամուսնանալ ադրբեջանցու հետ, ապա հավանաբար նրան «վառել» ցանկացողները շատ կլինեն։ Բայց 2011 թվականի վիճակագրությունը նայելիս տեսնում ենք, որ այլ ժամանակ Հայաստանում ավելի հանդուրժող են եղել այդ հարցի նկատմամբ։

Հայաստանում հասարակությունը կնոջ ամուսնության տարիքի վերաբերյալ նույնպես հստակ մոտեցումներ ունի։ Ու որպես կին ապրելով տվյալ միջավայրում՝ հաճախ կարող ես լսել «արդեն ամուսնանալու տարիքում ես, ի՞նչ ես մտածում», «շատ ես ուշացնում, էլ փոքր չես», «հենա դիպլոմդ ստացար, արդեն ժամանակն ա» և այսպես շարունակ։ Հետաքրքիր է, որ այս մոտեցումները շատ դանդաղ են փոխվում․ ավելին կարող եք տեսնել ստորև գրաֆիկում, ինչպես նաև ծանոթանալ, թե հայ հասարակության համար ո՞րն է կնոջ ամուսնության համար ընդունելի տարիքը։

Ինչպես տեսաք վերևում, հայ հասարակությունը կնոջ վարքագծի վերաբերյալ ինչ-որ կաղապարներ է ստեղծել, ու որպես այդ հասարակությունում ապրող կին ակամայից անցնում ես այդ կաղապարով։ Օրինակ՝ այդպիսի կաղապար է ստեղծված նաև մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ։ Բայց այս հարցում նման մոտեցում ունի նաև Վրաստանի բնակչությունը։ Այս հարցում հարևաններ լինելու հանգամանքը, կարծես թե, ազդել է միանման կաղապարներ «ստեղծելու» վերաբերյալ։


Եթե փորձենք ընդհանրացել հայ հասարակությունում ապրող կնոջ կերպարը, կարող ենք ասել հետևյալը՝ եթե 25 տարեկան կինն ամուսնացել է ադրբեջանցու հետ, ապա հասարակությունը առնվազն «կստիպի» նրան հրաժարվել «հայ լինելուց», ինչպես նաև «վառել» ցանկացողների մեծ բանակ կգոյանա։
Եթե 26 տարեկան չամուսնացած կին ես, ապա ամուսնության համար արդեն այդքան էլ ընդունելի տարիքում չես ու ձգտում ես միանալ «տունը մնացած» կանանց խմբին։
Եթե 26 տարեկան կին ես, ունեցել ես մինչամուսնական սեռական հարաբերություններ, ապա հայաստանցիների միայն մի մասի համար դա ընդունելի կլինի։
Որպես վերջաբան կարող ենք ասել, որ կնոջ վարքագծի վերաբերյալ կաղապարային մոտեցումները շատ դանդաղ են փոխվում, ինչն ուղղակիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Երբ որևէ կին ապրում է հասարակության համար «ոչ ընդունելի» կյանքով, ակամայից ենթարկվում է ճնշումների։
Հայաստանյան հասարակությունում կնոջ դերի նկատմամբ ընկալումները փոխելու, կարծրատիպային մտածելակերպից ազատվելու համար շատ ժամանակ ու աշխատանք կպահանջվի, սակայն չպետք է սպասել ապագայի «բաց հասարակությանը», բոլոր ժամանակներում էլ կլինեն կարծրատիպեր կարծրատիպերի մասին։

Հեղինակ՝ Սոնա Մկրտչյան

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։