ReDriM | Մարինե Ավետիսյան

Հայաստանում թվերն այլ բան են ասում

Ըստ «Կովկասյան բարոմետրի» 2019 թվականի վերլուծության Հայաստանի չափահաս բնակչության 56%-ն ունի միջին մասնագիտական կամ ավելի բարձր կրթական աստիճան: Սա բավական բարձր ցուցանիշ է աշխարհի հետ հաամեմատած:
Հայաստանում վերջին 1.5 տասնյակում բուհ ընդունվելը «ամենաթրենդային» երևույթներից է: Հայ հասարակությունը կամ արժևորում է կրթությունը, կամ՝ կրթություն ունենալու մասին հավաստող փաստաթուղթը: Սա գուցե պայմանավորված է նրանով, որ բնակչության գրեթե կեսը կարծում է, որ լավ աշխատանք ունենալու համար կարևոր են հենց կրթությունը կամ մասնագիտական ունակությունները:
Մարդկանց այսպիսի մոտեցումը ստուգելու համար դիտարկենք, թե ինչպիսին է գործազրկության մակարդակը բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Ըստ Համաշխարհային բանկի դասակարգման 2019 թվականի դրությամբ միջինից բարձր եկամուտ ունեցող երկների թիվը 56 է: Գծապատկերում ներառվել են այդ ցանկում Հայաստանի հետ առավել համադրելի 10 երկրները:

Հայաստանում այս ցուցանիշը միջինում 18.4% է, այնինչ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին ցուցանիշը 7.8% է, իսկ ԵՄ երկրներում՝ 7.3%:
Որքան էլ որ տարօրինակ է, որպեսզի հասկանանք, թե ինչու է Հայաստանում այս ցուցանիշը համեմատաբար ավելի բարձր, պետք է վերադառնանք կրկին այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում արժևորվում է կրթությունը, թե՝ կրթությունը հավաստող փաստաթղթի առկայությունը: Եկեք տեսնենք, թե ինչ են ասում թվերը.

Հայաստանում չափահաս բնակչության կեսից ավելին ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, հետևաբար չափահաս բնակչության կեսից ավելին պետք է գոնե տիրապետեր մեկ օտար լեզվի կամ ունենար որոշակի համակարգչային գիտելիքներ, այնինչ թվերը կրկին այլ բան են ասում:
Անշուշտ, կրթությունը հրաշքներ է գործում, այն փոխում է մարդու սոցիալական կարգավիճակը, դարձնում պատասխանատու քաղաքացի, հնարավորություն է տալիս մասնակցել հանրային, նույնիսկ միջազգային կյանքին: Բայց Հայաստանը երբեք չի ունենա այսպիսի կրթությամբ քաղաքացի ու թվերն էլ կշարունակեն այլ բան ասել, քանի դեռ.
• մենք շարունակում ենք գերադասել ձևը, քան բովանդակությունը, որովհետև հասարակության կեսից ավելին ունի կրթությունը հավաստող փաստաթուղթ, բայց ոչ կրթություն,
• մենք շարունակում ենք ուզել մի բան, բայց չանել այդ ուղղությամբ ոչինչ, որովհետև ուզում ենք միջազգայնանալ, բայց չենք տիրապետում օտար լեզուների, և ուզում ենք ունենալ բարձր վարձատրվող աշխատանք, բայց չենք տիրապետում նույնիսկ համակարգչի:

Հեղինակ՝
Մարինե Ավետիսյան
ՀՊՏՀ Ֆինանսների ամբիոնի հայցորդ
Academia.edu։ https://asue.academia.edu/MarineAvetisyan
Linkedin։ https://www.linkedin.com/in/mari-avetisyan/

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։