Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ 2021

Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ 2021

 

  1. Հետազոտության նպատակը

Հայաստանում հարկային վարչարարության մասին գործարար համայնքի կարծիքը պարզելու նպատակով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, գործակցելով Համաշխարհային բանկի հետ, իրականացնում է «Հարկային վարչարարության և հարկային ընկալումների» մասին հարցում:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պատվերով իրականացնում է «Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ» հետազոտությունը՝ նպատակ ունենալով գնահատել բիզնեսի վերաբերմունքը հարկային վարչարարության նկատմամբ: Հետազոտության շրջանակներում գործարարներից հավաքագրված տվյալների ամփոփ վերլուծության արդյունքներըը ներկայացվելու են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին՝  նպաստելով Հայաստանում հարկային վարչարարության բարելավմանը: Այս հետազոտութունը հաջորդում է 2013, 2016, 2018 և 2020 թվականներին իրականացված համանման հետազոտությունների շարքին:

Հարցումը նախատեսված էր իրականացնել դեմ-առ-դեմ հանդիպումների միջոցով, սակայն, ելնելով կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգներից, այն տեղափոխվել է առցանց հարթակ:

  1. Ինչո՞ւ է հենց ձեր կազմակերպությունը հրավիրվում մասնակցելու հետազոտությանը:

Բիզնես համայնքի հավաքական կարծիքը հասկանալու նպատակով ներկայացուցչական ընտրանք ձևավորելու համար իրականացվել է 600 կազմակերպության և անհատ ձեռներեցի պատահական քլասթերային ընտրանք՝ հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ-ում գրանցված հարկատուների ցանկի կառուցվածքը: ՊԵԿ-ի և ՀՌԿԿ-Հայաստանի միջև կնքվել է Տեղեկատվության չբացահայտման համաձայնագիր, որի հիմնական պահանջը ՊԵԿ-ի տրամադրած էլեկտրոնային հասցեները բացառապես այս հետազոտության նպատակներով օգտագործելն է:

  1. Ու՞մ է հասցեագրված հարցաթերթը:

Հարկային վարչարարության մասին Հայաստանի բիզնես համայնքի հնարավորինս լիարժեք կարծիքը ստանալու համար շատ ցանկալի է, որ հարցմանը պատասխանեն գործադիր տնօրենները, հիմնադիր/ներ/ը կամ հարկային վարչարարության մասին իրազեկ պաշտոնատարները: Կազմակերպությունների ընդհանրացված կարծիքը խիստ կարևոր է ՊԵԿ-ի հետ բիզնեսի անուղղակի երկխոսության համար: Հետազոտական խումբը ՊԵԿ-ին է ներկայացնելու հարցմանը մասնակցած բոլոր գործարարների պատասխանների հիման վրա կազմված ընդհանրական վերլուծությունը:

  1. Պարտադիր է արդյո՞ք Ձեր մասնակցությունը

Ձեր մասնակցությունը հարցմանը կամավոր է, թեև խիստ ցանկալի: Մինչև հարցմանը մասնակցելու որոշում կայացնելը Դուք կարող եք հարցմանը վերաբերող ցանկացած հարց ուղղել հետազոտական խմբի աշխատակիցներին: Հրաշալի է, եթե համաձայնել եք մասնակցել հետազոտությանը: Դուք կարող եք նաև յուրաքանչյուր պահի ընդհատել ձեր մասնակցությունը՝ առանց որևէ պատճառ նշելու: Ձեր մասնակցության ընդհատման պարագայում մինչ այդ Ձեր տրամադրած տվյալները չեն պահպանվի:

  1. Ինչպե՞ս մասնակցել հետազոտությանը:

Եթե համաձայն եք մասնակցել հարցմանը, պարզապես լրացրեք Ձեզ ուղարկված հարցաթերթը: Սկզբում կարդացեք հարցաթերթում Ձեզ հղված ուղերձը, և եթե հարցեր կծագեն, կապ հաստատեք հետազոտական թիմի հետ: Հարցաթերթը լրացնելը կտևի մոտ 40 րոպե, և եթե Ձեզ ավելի հարմար է, դա կարող եք անել ընդմիջումներով: Հետազոտական թիմի զրուցավարները պատրաստ են Ձեր հետ միասին անցնել հարցաթերթով՝ Ձեր համար ընթերցելով հարցերը կամ գրանցելով Ձեր պատասխանները: Ձեր և զրուցավարի խոսակցությունը չի ձայնագրվելու: Ցանկալի է, որ հարցաթերթը լրացվի առցանց՝ կամ Ձեր կողմից, կամ զրուցավարի օգնությամբ:

  1. Մասնակցության հետ կապված ռիսկեր կա՞ն:

Չկան: ՀՌԿԿ-Հայաստանը հավաստիացնում է, որ հավաքագրվող տեղեկությունները օգտագործվելու են հետազոտական նպատակներով և ներկայացվելու են միայն ընդհանրացված տեսքով՝ անանուն և գաղտնի պահելով հարցվողին: Ձեր տրամադրած տեղեկատվությունը ոչ մի կերպ չի կապվելու Ձեր կազմակերպությունը նույնականացնող կոնտակտների հետ: ՀՌԿԿ-Հայաստանը հետազոտության ավարտից անմիջապես հետո պարտավոր է ոչնչացնել ընտրված հարկ վճարողների կոնտակտային տվյալները: Հետազոտության ընթացքում Ձեր անանուն կոնտակտային տվյալները հասանելի կլինեն միայն հետազոտական թիմին:

Հետազոտական թիմը, սակայն, պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից ինքնանույնականացման, կամ Ձեր կողմից հարցմանը մասնակցելու փաստի մասին Ձեր տարածած տեղեկատվության համար:

  1. Հարցմանը մասնակցելը ինչո՞վ է շահեկան Ձեր համար:

Ձեր անկեղծ պատասխանների հիման վրա կազմված վերլուծական զեկույցը, բացահայտելով Հայաստանում բիզնեսի վերաբերմունքը հարկային վարչարարության նկատմամբ, տեղեկացված կպահի հարկային մարմիններին, և դրանով իսկ մեծապես կնպաստի հետագա բարեփոխումների իրականացմանը: Այսինքն, հարցմանը մասնակցելը անուղղակիորեն կօգնի բիզնես համայնքին և Ձեր բիզնեսին:

Գաղտնիք չէ, որ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բիզնեսները բախվում են զանազան հիմնախնդիրների. հարցաթերթում առկա որոշ հարցերի պատասխանելիս Դուք կարող եք դրանց մասին ահազանգել, տեղեկություններ տալ, իրազեկել:

  1. Ի՞նչպես են օգտագործվելու Ձեր տրամադրած տվյալները:

Ձեր տրամադրած տվյալների վրա հիմնված վերլուծական զեկույցը ներկայացվելու է հետազոտության պատվիրատուներին և հրապարակվելու է ՀՌԿԿ-Հայաստանի կայքէջում: Հետամուտ լինելով բաց տվյալների քաղաքականությանը, և պահպանելով գաղտնիության ու հետազոտական էթիկայի բոլոր կանոնները, հրապարակվելու են նաև հետազոտության անվանազերծված տվյալադարանը և օգտագործված հարցաթերթը:

Որպես անկախ վերլուծական կառույց, ՀՌԿԿ-Հայաստանը երաշխավորում է, որ Ձեր տրամադրած տեղեկությունները կմնան գաղտնի ու բացարձակապես անանուն: Ձեր կողմից տրամադրված կոնտակտային տվյալները չեն կապվելու այս հարցման ժամանակ արձանագրված պատասխանների հետ:

Հարկային դաշտին վերաբերող համանման հետազոտությունների (2013 և 2016, 2018 և 2020 թթ.) արդյունքներին կարող եք ծանոթանալ ինչպես ՊԵԿ, այնպես էլ ՀՌԿԿ-Հայաստանի կայքերի համապատասխան բաժիններում:

  1. Ո՞վ է ֆինանսավորում հետազոտությունը:

Հետազոտությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում, որին օժանդակում է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամ»-ը:

  1. Ու՞մ հետ կապ հաստատել, եթե հարցեր կամ մտահոգություներ ունեք:

Հարցման հետ կապված ընդհանուր և տեխնիկական խնդիրների կամ հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել ՀՌԿԿ-Հայաստանի Տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար Էլլա Կարագուլյանի հետ՝ զանգահարելով +374 98 496 534 հեռախոսահամարով կամ հրավեր նամակում նշված այլ կոնտակտներով: Մենք հնարավորինս արագ կարձագանքենք:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2019

Տվյալադարան
Հաշվետվություն

Տարեթիվ
01-2021 - 03-2021
Կարգավիճակ
Ընթացիկ
Ֆինանսավորող
Համաշխարհային բանկ / Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»
Կատեգորիա