«Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026» հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից՝ կամավոր հիմունքներով, սեփական նախաձեռնությամբ և ինքնաֆինանսավորմամբ։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում շրջանառվում են նախընտրական մի շարք հարցումների արդյունքներ։ Դրանց գոնե մի մասը հանրությանը ներկայացվում է ոչ ամբողջական կամ ոչ պատշաճ ձևով՝ մեթոդաբանության ոչ թափանցիկ նկարագրությամբ, ֆինանսավորման աղբյուրների կամ տվյալների աղբյուրների կոծկմամբ, տվյալների հետ աշխատանքի ոչ միանշանակ մոտեցումներով, ուղղորդված և երբեմն մտահայեցողական մեկնաբանություններով։ Առանձին դեպքերում հարցման արդյունքներն անգամ ներկայացվում են որպես նախընտրական կանխատեսում, ինչը մեթոդաբանական առումով խնդրահարույց է։
Այս իրավիճակում արժանահավատ, թափանցիկ և մեկնաբանություններից զերծ տվյալների ակնհայտ պակաս կա։
ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի այս նախաձեռնությունն ուղղված է հենց այդ պակասը լրացնելուն։ Հանրությունն իրավունք ունի և արժանի է տեսնելու հանրային կարծիքի իրական պատկերը՝ առանց ավելորդ աղմուկի, առանց կանխակալ մեկնաբանությունների և առանց տվյալները քաղաքական ցանկությունների կամ գաղափարախոսական պատկերացումների լեզվով թարգմանելու փորձերի։
Այս նյութում ներկայացված են մեր իրականացրած հարցման արդյունքները՝ այնպես, ինչպես դրանք կան։ Տվյալներն օգտագործող բոլոր անձանց, լրատվամիջոցներին, կուսակցություններին և այլ կառույցներին հորդորում ենք դրանք օգտագործել պատասխանատու ձևով, մեկնաբանողական թափանցիկությամբ և սկզբնաղբյուրին պատշաճ հղմամբ։
Այս նյութում մենք ընտրությունների արդյունքներ չենք կանխատեսում։ Այստեղ ներկայացված են նախընտրական հարցման արդյունքները՝ պարզ, թափանցիկ և առանց ավելորդ աղմուկի։
Հարցումը չափում է հանրային կարծիքի պատկերը կոնկրետ ժամանակամիջոցում․ այն ցույց է տալիս, թե ինչ են պատասխանել հարցվածները հարցման իրականացման օրերին։ Սա կանխատեսում չէ՛։
Մեջբերման օրինակ․
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ։ (2026)։ Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026։ Երևան։