ReDriM | Իրինա Գաբրիելյան

Ժողովրդավարացվող Հայաստանի խնդիրները

 

Ինչպես գիտենք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարացման ճանապարհն ընտրած երկրների շարքում: Հատկապես 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ-ն, ինչպես ցույց են տալիս միջազգային և տեղական հետազոտական կենտրոնների տվյալները, ժողովրդավարական կառավարման մեջ դրական աճ է գրանցել: Այսպես, Արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Վաշինգտոնում գործող Freedom House-ի 2020 թ. զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը վերջին երկու տարում ժողովրդավարացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրել:

Վիդեո գրաֆիկում պատկերվում է հետխորհրդային պետությունների 2016-2019 թթ. ժողովրդավարության ցուցանիշի փոփոխության դինամիկան: Գրաֆիկից երևում է, որ Հայաստանը ժողովրդավարացման աճ է գրանցել (100 միավորանոց սանդղակում 45-ից աճելով մինչև 53):
Անհրաժեշտ է խոսել այն մասին, որ միջազգային կառույցների տվյալները, իհարկե, ընդհանուր պատկեր են ներկայացնում: Անշուշտ, յուրաքանչյուր երկրում ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքն ու քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ փոփոխությունների պատկերը առավել ակներև է դառնում հենց տվյալ երկրի բնակչության արտահայտած կարծիքների հիման վրա: Այսպես, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան»-ի իրականացրած «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք ունի հայաստանյան հասարակությունը ժողովրդավարության նկատմամբ:

Ինտերակտիվ դիագրամում տեսնում ենք, որ 2019 թ. մարդկանց 63%-ը ժողովրդավարությունը նախընտրելի է համարում մյուս կառավարման համակարգերից:
Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշների աճի հետ մեկտեղ, սակայն, խորանում են նաև ժողովրդավարացման խնդիրները: Ցանկացած ժողովրդավարություն, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների մշտական պայքար իրենց իրավունքների համար: Դրա համար էլ, ամեն ինչ կախված է մարդկանց քաղաքացիական ակտիվությունից, կրթական, մշակութային, տնտեսական մակարդակից, իրավամտածողությունից: Եթե այդ մակարդակը բարձր ցուցանիշի վրա է լինում, ժողովրդավարությունը տվյալ երկրում սկսում է կայանալ՝ որպես իրական փաստ: Ինչպիսի՞ն են, արդյոք, Հայաստանում այդ ցուցանիշները: ՀՀ-ն կկարողանա՞ կայանալ որպես իրական ժողովրդավարություն: Իհարկե, դա տարիների աշխատանք և արդյունք է: Սակայն դրա հիմքը պետք է դնել այսօր:

Իսկ որո՞նք են այդ խնդիրները Հայաստանի պարագայում, որոնց լուծումն անհրաժեշտ է ժողովրդավարության կայացման համար: Իմ ենթադրությամբ ժողովրդավարությունը կարող է կապված լինել նաև տնտեսական զարգացման գործոնի հետ: Իհարկե, տնտեսական զարգացումը չի պայմանավորում ժողովրդավարության առաջացում: Եթե այդպես լիներ, ապա անմիջապես կառաջանային ժողովրդավարական ինստիտուտներ, երբ որևէ երկիր հասներ ՀՆԱ-ի որոշակի մակարդակի: Տնտեսական զարգացումը, ըստ իս, նպաստում է ժողովրդավարության ի հայտ գալուն: Ավելի կոնկրետ, այն իր հետ բերում է սոցիալ-քաղաքական փոփոխություններ միայն այնքանով, որքանով այն փոխում է մարդկանց վարքագիծը: Հետևաբար, ենթադրում եմ, որ տնտեսական զարգացումը բերում է ժողովրդավարության այն չափով, որ․
1. ստեղծում է բազմաքանակ, կրթված և հստակ արտահայտված միջին խավ, որը բաղկացած է այնպիսի մարդկանցից, ովքեր սովոր են ինքնուրույն մտածել,
2. վերափոխում է մարդկանց արժեքային համակարգն ու մոտիվացիան:

Միջին խավի ձևավորումը, կրթական բարձր մակարդակը, ՀԿ-ի, արհմիությունների, քաղաքական կուսակցությունների ակտիվ գործունեությունը, մարդու իրավունքները, լրատվամիջոցների անկախությունը քաղաքացիական հասարակության բաղադրիչներից են: Հայաստանում այդ բաղադրիչների պակասը խիստ երևացող է:

ՀՀ Ազգային վիճակագրության կոմիտեի տվյալներով` 2018 թ. Հայաստանում աղքատության մակարդակը, ի համեմատ 2017-ի, նվազել է 2,2%-ով՝ դառնալով 23,5%, իսկ 2018 թ. աղքատության ընդհանուր շեմը միջինում կազմել է ամսական 42621 դրամ: Ուսումնասիրելով թվերը՝ պարզ է դառնում, որ ամսական միջինը 42621 դրամից ավել ստացող յուրաքանչյուր մարդ այլևս աղքատ չի դիտարկվում: Իսկ ՀՌԿԿ-ի 2019 թ. հարցման տվյալներով՝ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր երկու խնդիրներն են գործազրկությունը և աղքատությունը։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ եթե երկրում մարդկանց գլխավոր խնդիրները գործազրկությունն ու աղքատությունն են, ապա այդ մարդիկ դժվար թե մտածեն քաղաքացիական հասարակության զարգացման ու ժողովրդավարության կայացման մասին: Ժողովրդավարությունը չպետք է սահմանափակվի միայն հավասար ընտրական իրավունք տալով՝ մանավանդ այն պայմաններում, երբ, ինչպես հասկացանք, անհասկանալի է մնում աղքատության մակարդակը, որտեղ կարելի է մանիպուլացիաներ անել (օր.՝ կաշառք բաժանելով): Հայաստանում առկա մյուս խնդիրները վերաբերում են կրթական ցենզին, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, արհմիությունների նկատմամբ վստահությանը (որոնք, իմ կարծիքով, ժողովրդավարության հետ նույնպես անմիջական կապ ունեն), որոնցից շատերի գործունեության մեջ, իմ կարծիքով, երևում է շահագրգռվածության պակաս քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Իմ համոզմամբ, եթե Հայաստանում ունենանք այդ բացերի լրացումը, ապա ավելի կմոտենանք ժողովրդավարության կայացմանը:

Իհարկե, ոչ մի երկրում կատարյալ ժողովրդավարություն չկա:
Ակներև է, սակայն, որ Հայաստանում ազատականացվել և ապագայում, հուսանք, կշարունակվի ազատականացվել կառավարման համակարգը, քաղաքացիական ազատությունները: Սակայն, ըստ իս, այդ ազատությունները պետք է հավասարապես տարածվեն: Խոսքի ազատությունը պետք է ռեալ գործի. անձնավորումն ու պիտակավորումը չպետք է տեղ ունենան ժողովրդավարական կառավարման համար:
Համոզված եմ, որ ճիշտ ներքին քաղաքականության արդյունքում կունենանք առողջ, բանիմաց, ինքնաբավ հասարակություն և իրական ժողովրդավարություն:

Հեղինակ՝ Իրինա Գաբրիելյան
irinagabrielyan96@gmail.com

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։