ՄԻՆՉԵՎ ՄԵՆՔ ԿԱՆՎԱՆԵՆՔ ԿԱՆՎԱՆԵՆՔ ԿԱՆՎԱՆԵՆՔ ԱՅՆ

Խտրականությունը Հայաստանում․
թվեր, պատումներ, լռություն

Խտրականության որոշ դրսևորումներ հեշտ է ճանաչել։

Մյուսները կարող են միանգամայն սովորական թվալ․

  • աշխատանքի ընդունելիս որևէ մեկին տրված նախապատվություն,
  • խանութում հնչած մեկնաբանություն,
  • աստիճաններ, որոնցից որոշ մարդիկ չեն կարող օգտվել,
  • ընտանիքի անդամների ակնկալիքներ,
  • կատակ,
  • լռություն,
  • պատասխան, որն այդպես էլ չի գալիս։

Արդյո՞ք մենք միշտ ճանաչում ենք խտրականությունը, երբ այն տեղի է ունենում,

և, եթե ճանաչում ենք,

ի՞նչ է տեղի ունենում հետո։

Խտրականության ուսումնասիրություն՝
այնպես, ինչպես մարդիկ այն ընկալում, վերապրում և արձագանքում են դրան

Սա Հայաստանում խտրականության վերաբերյալ առաջին համապարփակ՝ բնակչության հետազոտությունն է։ Այն համադրում է 2,200 չափահասների շրջանում անցկացված ազգային ներկայացուցչական հեռախոսային հարցումը որակական հարցազրույցների հետ՝ մեկ ամբողջական պատկերում միավորելով ինստիտուցիոնալ փորձագիտական գիտելիքն ու անձնական փորձառությունները։ Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Ուսումնասիրությունը չի հավակնում որոշարկել՝ արդյոք մարդկանց առանձին փորձառություններն իրավական առումով խտրականություն են համարվում։ Փոխարենը, այն ուսումնասիրում է, թե առօրյա կյանքում ինչպես են անհավասար վերաբերմունքը, բացառումն ու խարանումը ճանաչվում, նորմալացվում, վերապրվում, շրջանցվում կամ վիճարկվում։

Կոնվերգենտ զուգընթաց խառը մեթոդներով հետազոտություն՝ համապետական ներկայացուցչական հարցման և որակական հարցազրույցների համադրությամբ
Ընկալվող անհավասար վերաբերմունք կամ բացառում՝ հիմնված հարցվածների սեփական փորձառությունների, դիտարկումների և մեկնաբանությունների վրա
Հաշմանդամություն ունեցող անձինք նույնականացվել են Վաշինգտոնյան խմբի կարճ հարցաշարի միջոցով՝ հիմք ընդունելով ֆունկցիոնալ սահմանափակումները, այլ ոչ միայն հաշմանդամության պաշտոնական կարգավիճակը
2025 թ․-ի նոյեմբերից դեկտեմբեր
Համակարգչային օժանդակությամբ հեռախոսային հարցումը (CATI) իրականացվել է 18 և բարձր տարիքի 2,200 չափահասների շրջանում, որոնք հարցման պահին առնվազն երեք տարի անընդմեջ բնակվել էին Հայաստանում։ Ընտրանքը ձևավորվել է բջջային հեռախոսահամարների պատահական գեներացման (անգլ․՝ Random Digit Dialing) միջոցով։
Բուն դաշտային աշխատանքից առաջ անցկացվել է չորս խորհրդատվական հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ, որին հաջորդել է ևս ութ հարցազրույց՝ հաստատությունների ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտային մասնագետների հետ։
Անցկացվել է չորս խորքային հարցազրույց՝ որպես փոխհատվող խոցելիությունների դեպքային ուսումնասիրություններ։ Դեպքերն ընտրվել են 2×2 տրամաբանությամբ՝ համադրելով խոցելիության հատկանիշներն ու նախկինում խտրականության ենթարկվելու փորձառությունը։

Հիմնախնդիր՝ առանց ընդհանուր անվանման

Երբ հարցման մասնակիցներին հարցնում էինք, թե ինչ են հասկանում «խտրականություն» ասելով, շատերը դժվարացան այն հստակ նկարագրել։

Հասկացությունը բացատրելուց հետո 70.4%-ը նշում է, որ խտրականությունը Հայաստանում շատ լուրջ կամ որոշ չափով լուրջ խնդիր է։ Միևնույն ժամանակ, սկզբնական հարցին պատասխանելիս հարցվածների կեսից պակասն է խտրականությունը նկարագրում բովանդակային առումով համապատասխան ձևակերպումներով, իսկ 23.4%-ը ընդհանրապես չի կարողանում հստակ պատասխան տալ։ Համապատասխան պատասխանների շարքում միայն 5.0%-ն է տալիս համեմատաբար մանրամասն նկարագրություն։

Մարդիկ ավելի հաճախ խոսում են տարբերության, անհավասարության, կողմնակալության կամ անհավասար վերաբերմունքի մասին, քան խտրականությունը ձևակերպում որպես իրավունքների խախտում։

Սա կարևոր է։

Եվ հենց սկսում ենք հարցնել, թե ում է վերաբերում խտրականությունը, ի հայտ է գալիս ևս մեկ բարդություն։

Ովքե՞ր են տեսանելի
և ովքե՞ր են պաշտպանված

Խտրականության վերաբերյալ հանրային ընկալման մեկ միասնական քարտեզ գոյություն չունի։

Երբ մարդկանց հարցնում ենք, թե որ խմբերն են առավել հաճախ ենթարկվում խտրականության, պատկերը որոշակի է։

Երբ հարցնում ենք, թե որ խմբերի նկատմամբ խտրականությանն են իրենք անձամբ ականատես եղել, պատկերը փոխվում է։

Իսկ երբ հարցնում ենք, թե որ խմբերի իրավունքները պետք է լրացուցիչ իրավական պաշտպանություն ստանան, պատկերը լիովին այլ է։

Օրինակ՝ հարցվածների 68.0%-ը ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականությունը համարում է լայնորեն տարածված։ Սակայն լրացուցիչ իրավական պաշտպանության վերաբերյալ հարցին տրված պատասխանների միայն 2.1%-ում են ԼԳԲՏՔ+ անձինք նշվում որպես խումբ, որի իրավունքները պետք է լրացուցիչ պաշտպանություն ստանան։ Ի տարբերություն սրա՝ ֆիզիկական և մտավոր կամ հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ պաշտպանության աջակցությունն ամենաբարձրն է՝ համապատասխանաբար պատասխանների 30.4%-ը և 23.6%-ը։

Ուսումնասիրությունն այս չափումները դիտարկում է որպես փոխկապակցված, բայց տարբեր երևույթներ։ Խտրականության վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ինքնաբերաբար չի վերածվում պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության։ Այստեղ դեր ունեն սոցիալական հեռավորությունը, համակրանքը, խարանը և այն մասին պատկերացումները, թե ով է պաշտպանության «արժանի»։

ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ

ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ ՈՐՊԵՍ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

ԼԳԲՏՔ+ անձինք
0 %
Աղքատության մեջ ապրող անձինք
0 %
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք
0 %
Մտավոր կամ հոգեկան հաշմանդամություն ունեցող անձինք
0 %
Մտավոր կամ հոգեկան հաշմանդամություն ունեցող անձինք
0 %
Մտավոր կամ հոգեկան հաշմանդամություն ունեցող անձինք
0 %
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք
0 %
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք
0 %
Կանայք
0 %
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ
0 %
Փախստականներ, միգրանտներ
0 %
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք
0 %
Կանայք
0 %
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ
0 %
Փախստականներ, միգրանտներ
0 %
ԼԳԲՏՔ+ անձինք
0 %

Սակայն նույնիսկ հստակ սահմանված «խմբերի» գաղափարն ունի իր սահմանները։

Մարդկանց փորձառությունները չեն սահմանվում միայն մեկ հատկանիշով։

Երբ հատվում են
անհավասարությունները

Պատկերացրեք՝ փորձում եք հասկանալ մարդու փորձառությունը ընդամենը մեկ պիտակի միջոցով․

կին․

կամ՝

հաշմանդամություն ունեցող անձ.

կամ՝

տեղահանված անձ.

կամ՝

ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։

Յուրաքանչյուր կատեգորիա մեզ ինչ-որ բան է ասում։

Բայց դրանցից ոչ մեկը՝ ամեն ինչ։

Ուսումնասիրության որակական տվյալներն ընդգծում են իրավիճակներ, երբ սեռը, հաշմանդամությունը, տարիքը, աղքատությունը, տեղահանված լինելը և ազգային փոքրամասնության կարգավիճակը փոխազդում են։ Արդյունքը միշտ չէ, որ պարզապես «ավելի շատ խտրականություն» է։ Երբեմն այդ հատումները ձևավորում են բոլորովին այլ տեսակի խոցելիություններ։

Խտրականությունը հաճախ վերարտադրվում է ոչ միայն անհատական նախապաշարմունքների, այլև կառուցվածքային գործոնների միջոցով՝ տնտեսական կախվածություն, մատչելիության խոչընդոտներ, ծառայություններից օգտվելու անհավասար հնարավորություններ և այնպիսի հաստատություններ, որոնք նախագծված են երևակայական «ստանդարտ» շահառուի շուրջ։

Այս տարբերությունը սկզբունքային է։

Աստիճանները կարող են խոցելիություն ստեղծել։

Նույնը կարող է անել ոչ մատչելի տեղեկատվությունը։

Նույնը՝ տնտեսական կախվածությունը։

Նույնը կարող է անել նաև այն կանոնը, որը ֆորմալ առումով նույնն է բոլորի համար, բայց որոշ մարդկանց համար դրան համապատասխանելը շատ ավելի դժվար է։

Ամենախոսուն բացահայտումը լռությունն է

Բնակչության 16.5%-ը նշում է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ անձամբ բախվել է խտրականության։

Սակայն անձամբ խտրականության բախվածների 92.3%-ը իրենց հետ տեղի ունեցած վերջին դեպքի մասին որևէ տեղ չի հաղորդել։

Միայն 1.7%-ն է դիմել համապատասխան մարմիններին։

Ինչու՞։

«Գիտեք ոնց, ախր էդ էն լուրջ թեման չի էլի, որ ես հաղորդեմ կամ դիմեմ մարդու իրավունքների պաշտպանին, իմ անձին ինչ-որ վտանգ չի սպառնացել, ուղղակի մարդը իրա կարծիքն ա արտահայտել, ճիշտ ա՝ վիրավորական ձևով, բայց եթե լուրջ լինի, իհարկե, իմ երեխաներին ինչ-որ վտանգ սպառնա, իմ ընտանիքին վտանգ սպառնա, իհարկե կդիմեմ»։

Խորին հարցազրույցի մասնակից, կին, 44 տարեկան, Լեռնային Ղարաբաղից տեղահանված​

Տվյալներն ընդամենը սկիզբն են

Ի՞նչն իրական կդարձնի հավասարությունն առօրյա կյանքում։

Ներկայացնում ենք վեց ռազմավարական ուղղություններ։

ԱՆՎԱՆԵԼ ԽՆԴԻՐԸ

Համապարփակ օրենք խտրականության մասին, հստակ սահմանումներ, ինստիտուցիոնալ լիազորություններ, իրականացման մեխանիզմներ, հասանելի իրավական պաշտպանության միջոցներ

ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Թվային մուտքի կետ/հարթակ, թեժ գծի բարելավում, անանուն և անվտանգ բողոքներ, հաղորդման պարզեցված ընթացակարգեր

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՆ

Գործնական ուղեցույցներ, աշխատակազմի շարունակական վերապատրաստում, ուղղորդման մեխանիզմներ, ոլորտային կարողությունների զարգացում

ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԿԱԼՈՒՄ

Երկարաժամկետ կրթություն, իրավունքներ և պաշտպանության միջոցներ, հանրային հաղորդակցություն, համայնքային ներգրավվածություն

ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Մատչելիություն, տնտեսական ներառում, ծառայությունների հավասար հասանելիություն, փոխհատականության մոտեցման որդեգրում

ՉԱՓԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Կանոնավոր համապետական հարցումներ, վարչական տվյալներ, ապաագրեգացված ցուցանիշներ
Այս բովանդակությունը ստեղծվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի պատվերով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Այս բովանդակության պատասխանատուն բացառապես Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամն է։ Ներկայացված արդյունքները, մեկնաբանություններն ու եզրակացությունները կարող են չհամընկնել ֆինանսավորող կազմակերպության կամ դրա հետ փոխկապակցված որևէ հաստատության պաշտոնական տեսակետների հետ։