ReDriM | Անի Ավետիսյան

Հայաստան, Արցախ և Ադրբեջան
Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ ժողովուրդների վերաբերմունքի համեմատություն

 

Չնայած արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պարբերական սրացումներին և ժամանակ առ ժամանակ սկսվող ռազմական բախումներին, խնդրի կարևորության վերաբերյալ մեդիա և քաղաքական քննարկումներին՝ 2019 թվականին հայաստանցիների միայն 11 տոկոսն է տարածքային կոնֆլիկտները համարել երկրի ամենակարևոր խնդիր։ Այս մասին պատմում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքները։

Սոցիոլոգիական հարցումներ իրականացնող մեկ այլ՝ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)՝ 2018-ի հարցման պատասխաններում Ղարաբաղյան կոնֆլիկտը որպես երկրի գլխավոր խնդիր նշել է բնակչության 25 տոկոսը։

Հակամարտության մյուս կողմում՝ Ադրբեջանում, բնակչության բացարձակ մեծամասնության համար կոնֆլիկտը երկրի գլխավոր խնդիրն է՝ համաձայն IRI-ի՝ 2018 թվականի իրականացրած հարցման։ Երկու ժողովուրդների տեսակետների տարբերության այս չափը գուցե կարելի է բացատրել պետությունների քաղաքականությունների (այդ թվում՝ ռազմական) տարբերություններով և ազգային առանձնահատկություններով։

Զարմանալի է, բայց 2016-ին Արցախում իրականացված հարցման արդյունքներով, հարցվածների 38 տոկոսը տեղյակ չէր բանակցությունների ընթացքից, մինչդեռ 96,5 տոկոսը խիստ կարևոր էր համարում դրանցում Արցախի մասնակցությունը։ Ամեն դեպքում, խնդրի կարգավորման ներկա ընթացքից անտեղյակ անձանց քանակն ավելի շատ է Հայաստանում։

Միաժամանակ, Արցախի բնակչության մեծամասնությունը՝ 93 տոկոսը, կոնֆլիկտի կագավորման պարագայում անհրաժեշտ է համարում ինքնորոշման հարցի իրացումը ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով։

Ոչ պակաս ուշագրավ է, որ որպես կարգավորման այլընտրանք արցախցիների համար ստատուս քվոյի պահպանումն ու Արցախում հայկական զինված ուժերի ներկայությունն առավել ցանկալի է, քան անկախությունը՝ խաղաղության և տարածքների պահպանման նախապայմանով։ Տարբերությունն իրականում մեծ չէ, սակայն, համեմատելով Ադրբեջանում սոցհարցումների պատկերած տրամադրությունների հետ, կարող ենք եզրակացնել, որ արցախցիներն ավելի պակաս են ցանկանում անկախություն, քան Ադրբեջանի բնակչությունը ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

Հետաքրիր է, որ Արցախում և Ադրբեջանում միջազգային կազմերպությունների կողմից իրականացված սոցհարցումների հաճախությունը շատ չի տարբերվում։ Արցախում վերջին նման հարցումն իրականացվել է 2016-ին՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» կողմից։ Ադրբեջանում վերջին շրջանում սոցհարցումներ իրականացրել է Opinionway ֆրանսիական կազմակերպությունը։ Ամենաթարմ հարցումն արվել է 2018 թվականին, ավելի վաղ՝ 2016-ին։ 2015-ից հետո Ադրբեջանում սոցիոլոգիական հարցումներ չի իրականացրել նաև «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ը։

Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Առկա տվյալները՝ տարբեր հետազոտական կազմակերպությունների իրականացրած հարցումներից հնարավորություն են տալիս բավական լավ պատկերացնել բնակչության վերաբերմունքը կոնֆլիկտին ու դրա կարգավորման հարցերին։

ՀՌԿԿ-ի տվյալների համաձայն՝ 2011-2019 թվականների ընթացքում որոշ չափով փոխվել է հասարակության վերաբերմունքը խաղաղ կարգավորմանը։ Թերևս նշանակալի փոփոխություններից մեկն այն է, որ, եթե 2011-ին բնակչության 5 տոկոսն ընդունելի էր համարում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, ապա 2013 և 2019 թթ․ բնակչության 100 տոկոսի համար այն անընդունելի է։ Գրաֆիկում երևում է, որ փոխվել է նաև բնակչության վերաբերմունքը խնդրի խաղաղ կարգավորման հավանականությանը։

Ըստ ՀՌԿԿ-ի 2013 թվականի սոցհարցման արդյունքների՝ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության և անկախության հնարավորությունն անընդունելի էր բնակչության 90-ից ավելիի համար։ Այս առումով ևս տարբեր հարթություններում են Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի բնակիչների տեսակետները։

2019-ի մարտին անցկացված սոցհարցման արդյունքներով Արցախի անկախությունն ընդունելի է համարում Հայաստանի բնակչության 54 տոկոսը։ Տարբերությունը մեծ չէր նաև 2013 և 2011 թվականներին։ Հայաստանի բնակչության վերաբերմունքը Արցախյան խնդրի կարգավորմանն առավել մանրամասն ներկայացված է ստորև։

 

 

Համեմատության համար նշենք, որ չնայած մի շարք հարցերի շուրջ Հայաստանի բնակիչների տեսակետները շատ չեն փոխվել տարիների ընթացքում, օրինակ կոնֆլիկտի կարգավորումը Հայաստանի ապագայի համար «շատ կարևոր» 2018-ին համարում էր բնակչության 78 տոկոսը, իսկ 2019-ին արդեն այդպես կարծում էր բնակչության 89 տոկոսը։ Խնդրին կարևորություն չէին տվել հարցվածների համապատասխանաբար 4 և 1 տոկոսը։

 

Այսպիսով, Հայաստանի և Արցախի բնակիչների շրջանում տարբեր տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ երկու պետություններում կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ տեսակետները միմյանց բավական նման են։ Եվ, երկու երկրներում էլ Արցախի ինքնորոշումը հավասարապես կարևոր է՝ անկախ կարգավիճակից, մինչդեռ այս առումով Ադրբեջանի բնակչության համար ամենաընդունելի տարբերակը Արցախի՝ Ադրբեջանի կազմում առանց ինքնավարության լինելն է։

Հեղինակ՝ Անի Ավետիսյան

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։