ReDriM | Դավիթ Մարկոսյան

Կանանց աշխատանքի թերարժևորումը.
է
վոլյուցիոն հետևանք, թե խտրականության



Եթե Դարվինն այսօր ողջ լիներ, և անգլիական թեյի սեղանի շուրջ նրան զարմացած հարցնեինք, թե ինչու են Անգլիայում կանայք վաստակում մոտավորապես 17% ավելի քիչ քան տղամարդիկ, նրա պատասխանն իր տեսությունից անկասկած շատ չէր շեղվի. կանայք մտավոր և ֆիզիկական ունակություններով զիջում են տղամարդկանց, իսկ վերջում կհավելեր՝ էվոլուցիան անողոք է:

Դարվինի տեսությունից անցել է երկու դար, իսկ գիտական հեղափոխությունն իր հետ բերել է նոր գաղափարներ, որոնք կարող են հերքել նախորդ դարաշրջաններում առաջ քաշված տեսությունները և գիտական թեզերը: Այդուհանդերձ, դեռևս շատ գենդերային հարցեր թերևս մնացել են անպատասխան. ինչու՞ են առ այսօր կանանց հաճախ թերագնահատում գիտության մեջ, համարում ավելի թույլ, վարձատրում ավելի քիչ, ի՞նչն է տղամարդու առավելությունը: Եթե ասենք, որ տղամարդու հաջողության գրավականը ֆիզիկական ուժն է, հակափաստարկը շատ չի ուշանա. Կլեոապտրան անկասկած ավելի ուժեղ չէր, քան Կոլիզեում կռվող գլադիատորները, սակայն անժխտելի են նրա հաջողությունները:
Կանանց և տղամարդկանց մտավոր կարողությունների անհավասարության տեսությունը վերջին տարիների հաճախ հերքվել է՝ շնորհիվ գիտատեխնիկական առաջընթացի, որը մեզ թույլ է տալիս ուսումնասիրել ամենավերջին նեյրոնն անգամ: Սակայն խտրական վերաբերմունքը դարեր շարունակ այնքան է արմատացել, որ դեռևս գերիշխում է աշխարհի ցանկացած կետում:

Խտրական վերաբերմունքը կանանց նկատմամբ սկսում է կենցաղից ընդհուպ մինչև աշխատավայր և խոչընդոտում նրանց կարողությունների ըստ արժանվույն գնահատմանը:
Ասում են՝ թվերը երբեք չեն խաբում, այդ իսկ պատճառով հարկ եմ համարում մեջբերել մի քանի տվյալներ, որոնք ավելի լավ պատկերացում կտան ներկայիս իրավիճակի մասին:
Ստորև ներկայացված են «Կովկասյան բարոմետր» հետազոտության տվյալները, որտեղ հարցվողների մեծամասնության՝ 28%-ի եկամտի չափն ընդգրկվել է 251-400 ԱՄՆ դոլարի միջակայքում:

Եկամտի բաշխվածության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող ենք ուսումնասիրել ավելի մեծ ժամանակագրական շարք, մասնավորապես 2008-2019 թթ.-ի միջև ընկած հատվածում։

Երկար տարիներ՝ 2008 թ-.ից մինչև 2017 թվական, հարցվողների մեծամասնությունը ներկայացրել է, որ ոչ մի աղբյուրից չի ստանում որևէ անձնական եկամուտ և միայն 2017 թ.-ից ի վեր է, որ եկամտի ցուցանիշը սկսել է աճել:
Իհարկե ուրախալի հանգամանք է, որ մարդկանց եկամտի մակարդակը վերջին տարիներին սկսել է աճել ու ենթադրաբար մարդիկ ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով, բայց կան խնդիրներ, որոնք աչքաթող անել չենք կարող. օրինակ եկամտի անհավասարաչափ բաշխումը երկու սեռերի միջև։

Այսինքն՝ եթե տղամարդն ու կինն ունենան հավասար հմտություններ, գիտելիքներ, ստացած լինեն միևնույն կրթությունը, կանայք նույն աշխատանքը կատարելիս ավելի հավանական է, որ վարձատրվեն շատ ավելի քիչ, քան տղամարդիկ:

Խնդիրն ավելի պատկերավոր հասկանալու համար գրաֆիկում ներկայացված է եկամտի բաշխվածությունը՝ ըստ սեռերի, որտեղ ակնհայտ է, որ ավելի բարձր եկամտի միջակայքերում կանանց տոկոսը զիջում է տղամարդկանց տոկոսին, և հակառակը:

Դարվինի հետևորդները կասեն, որ ամեն ինչ բնական է, սակայն շատ դեպքերում կանայք ապացուցում են հակառակը. նրանք էլ կարող են լինել տաղանդավոր տնտեսագետներ, հմուտ ռազմավարներ, քաղաքագետներ և ՏՏ մասնագետներ: Հետևաբար, աշխատանքի անհավասար և անարդար վարձատրությունը խորքային ազդեցություն կարող է ունենալ հասարական կյանքի տարբեր շերտերի համար, իսկ տնտեսությունը միանշանակ կարող է տուժել դրանից:

Կանանց և տղամարդկանց կարողությունների ըստ արժանվույն գնահատականը ուղիղ համեմամատական է նրանց պատրաստակամությանը աշխատելուն, նվիրվածությանը և արդյունավետությանը: Իսկ սեռերի հավասար ներգրավվածությունը խթանում է ոչ միայն տվյալ երկրի, այլև համաշխարհային ՀՆԱ-ի աճը և առաջընթացը:
Գենդերային հիմնախնդիրները միայն կանանց խնդիրները չեն, դրանք համամարդկային են, և բոլորս պետք է պայքարենք հավասարություն նվաճելու համար:

Ճիշտ էր արդյոք Դարվինը, թե ոչ՝ ներկայիս ժամանակաշրջանում և պայմաններում այնքան էլ կարևոր չէ. անկախ ամեն ինչից, այժմյան մարդը, շարժվելով բնության օրենքների դեմ, բացահայտել է նորը, պատասխաններ տվել այնպիսի հարցերի, որոնց մասին մտածել են տասնյակ հազարավոր տարիներ, իսկ այդ ամենի մեջ իր ուրույն տեղն ունի կինը, որի կարողությունների թերարժևորումը ամենևին խելացի քայլ չի լինի, իսկ նրանց դերի անտեսումը՝ խիստ ճակատագրական:

Հեղինակ՝ Դավիթ Մարկոսյան

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։