ReDriM | Ռուզաննա Բալդրյան

Երջանիկ լինելու նուրբ արվեստը Հայաստանում

 

«Համախառն ազգային երջանկությունն ավելի կարևոր է քան ՀՆԱ-ն»: Սա Բութանի արքա Զիգմե Սինգյե Վանգչուկի հայտնի խոսքն է, ով դեռևս 1972 թ. աշխարհին մարտահրավեր նետեց` կոչ անելով հանուն կայուն զարգացման ուշադրություն դարձնել մի շարք ոչ տնտեսական ոլորտների, որոնք ազդում են մարդկանց բարեկեցության վրա:

Արդյունքում ստեղծվեց նոր ինդեքս, հրապարակվեցին մի շարք հետազոտություններ ու զեկույցներ, որոնք սկսեցին չափել երջանկության պես սուբյեկտիվ երևույթը:

Պատկերը Հայաստանում

Ըստ «Կովկասյան բարոմետր»-ի՝ Հայաստանցիները 2019 թ. ավելի երջանիկ են, քան 2015 թ. (62%): Տղամարդիկ ու կանայք գրեթե հավասար չափով են երջանիկ (համապատասխանաբար` 67% և 66%): Ամենաերջանիկ տարիքային խումբը 18-35 տարեկան անձինք են (78%): Հայաստանցիները նաև մի փոքր ավելի երջանիկ են հարևան վրացիներից:

Վերջին տարիներին Հայաստանը բարելավել է իր դիրքերը նաև «Երջանկության համաշխարհային զեկույցում»: Այս տարի լույս տեսած զեկույցում Հայաստանը 156 երկրների շարքում շարունակում է զբաղեցնել 116-րդ հորիզոնականը: Սա նշանակալի առաջընթաց է 2018թ. 129-րդ հորիզոնականի համեմատ, և ամենայն հավանականությամբ, «Թավշյա հեղափոխության» շարունակվող ազդեցությունն է: Վրաստանն այս զեկույցում զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը` 89-րդ:

Ինչպե՞ս է չափվում երջանկությունը

Այս տարվա «Երջանկության համաշխարհային զեկույցում» երջանկությունը չափվում է ըստ հետևյալ ցուցանիշների`

  • Երկրում ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշ. ըստ Համաշխարհային բանկի` Հայաստանում այն կազմում է 4.643 (Համաշխարհային բանկ, 2019թ.),
  • Սոցիալական աջակցություն. հաշվում են՝ ըստ «Gallup-ի համաշխարհային սոցհարցման» «Եթե խնդիր ունենաք, ունե՞ք բարեկամներ ու ընկերներ, ում վրա կարող եք հույս դնել, երբ նրանց կարիքն ունենաք» հարցի միջինացված պատասխանի
  • Կյանքի միջին տևողություն. Հայաստանում ըստ ԱՀԿ-ի` 71 տարի տղամարդկանց համար և 78 տարի կանանց համար
  • Կյանքում որոշումներ կայացնելու ազատություն. չափվում է «Gallup-ի համաշխարհային սոցհարցման» «Բավարարվա՞ծ եք, թե՞ ոչ այն ազատությամբ, որ ունեք կյանքում որոշումներ կայացնելու համար» հարցի միջինացված պատասխանով
  • Առատաձեռնություն. չափվում է «Gallup-ի համաշխարհային սոցհարցման» «Նախորդ ամսում կատարե՞լ եք նվիրատվությունը բարեգործական կազմակերպության» հարցի միջինացված պատասխանով: Հետաքրքիր է, որ ըստ 2019 թ. «Կովկասյան բարոմետրի» արդյունքների` վերջին 6 ամսվա ընթացքում միայն 30%-ն է մասնակցել կամավորական աշխատանքի և 40%-ն է նվիրատվություն կատարել ոչ կրոնական կազմակերպությունների:
  • Կոռուպցիայի ընկալումը. չափվում է «Gallup-ի համաշխարհային սոցհարցման» «Կոռուպցիան արդյո՞ք համատարած է կառավարությունում, թե ոչ» և «Կոռուպցիան արդյո՞ք համատարած է բիզնեսներում, թե ոչ» հարցերի միջինացված պատասխանով: Ըստ Transaparency International-ի՝ Հայաստանը 2019թ. բարելավել էր իր դիրքերն ու 198 երկրների շարքում գրավել 77-րդ հորիզոնականը:

Այս տարի չափվել են նաև երջանկության վրա գործող այնպիսի գործոններ, ինչպիսիք են շրջակա միջավայրն ու քաղաքներում ու գյուղերում երջանկության տարբերությունը: Հաշվի առնելով ուրբանիզացիայի աճող թվերը` կարևոր է հասկանալ, թե ինչպես են քաղաքային մի շարք գործոններ, ինչպիսիք են` աղտոտվածությունը, գերբնակվածությունը, հանցագործություններն ու անվտանգությունը և այլն, ազդում մարդու բարեկեցության վրա:

Ըստ «Երջանկության համաշխարհային զեկույցի»՝ մարդիկ, ովքեր ապրում են համայնքներում, որտեղ ավելի բարձր է միջանձնային և ինստիտուցիոնալ վստահությունը, ավելի հակված են սեփական բարեկեցությունը բարձր գնահատելուն: Պատահական չէ, որ երջանիկ երկրների առաջին տասնյակում սկանդինավյան երկրներն են: Մարդիկ նման համայնքներում ավելի պաշտպանված են զգում նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում (օրինակ` համավարակի ժամանակ):

Հետաքրքիր է, որ թե′ այս զեկույցի և թե′ Հարվարդի համալսարանի կողմից իրականացված «Մեծահասակների զարգացման» հետազոտության միջև, որը շուրջ 80 տարի հետազոտել է 268 ուսանողի կյանք, որպեսզի բացահայտի առողջ ու երջանիկ լինելու բաղադրատոմսը, կա մեկ ընդհանրություն: Պարզվում է, որ երջանիկ լինելու ամենակարևոր բաղադրիչը սոցիալական աջակցությունն ու համայնքային կապերն են:

Այստեղից հետևություն` էկրանի առջև նստելու փոխարեն հանդիպեք ընկերների հետ:

Հեղինակ՝ Ռուզաննա Բալդրյան
Հաղորդակցության փորձագետ, Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն

Linkedin

Twitter

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։